ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Վրաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների հիշատակը
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ նիստի մեկնարկն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհերի հիշատակը: «Կիսելով վրաց ժողովրդի վիշտը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց նա:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ վաղվանից նախագծերը քննարկման կդրվեն 24 ժամյա ռեժիմով, ժամը 11:00-ից կշարունակեն արտահերթ նիստերը, իսկ ընդմիջումները կկրճատվեն:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ շատ վատ ավանդույթ է ձևավորվել՝ նախորդ կառավարությունից սկսած: «Ընդմիջումները կճատելով, էս տեմպով որակյալ ոչ մի նախագիծ չի կարող ընդունվել ու քննարկել, անհնարին ռեժիմ է, ծայրահեղությունների չի կարելի հասցնել»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե կարևորագույն օրինագծերը այս ռեժիմով ընդունելը ճիշտ չէ: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, որ 24-ժամյա ռեժիմը բացասական մոտեցում է:
ՀՀԿ խմբակցությունից Գագիկ Մինասյանը նշեց, որ ֆինանսավարկային հանձնաժողովը ներկայացված օրինագծերն ու հարցերը հանգամանալից քննարկել է, այդ թվում՝ պետական պարտքի մասին օրենքը և կարող են հարցի քննարկումը տեղափոխել լիագումար նիստ:
ԱԺ նախագահը նշեց, թե օրենքներին պատգամավորները ծանոթ են և պետք չէ ասել, որ ամբողջ ԱԺ-ն դեմ է:
Հատուկ կարգով անցկացնելու մասին որոշումն ընդունվեց ԱԺ մեծամասնության կողմից:










