Աղքատացնում ենք սեփական երկիրը՝ չօգտագործելով կանանց թանկ մարդկային ռեսուրսը. Լիլիթ Գալստյան

22:51 • 15.06.15

Tert.am-ը կանանց  իրավահավասարության թեմայով զրուցել է  Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ, ով ասում է, որ չնայած մի շարք միջազգային հանձնառություններին՝ այս հարցում էլ մենք երկու ճշմատությունների Հայաստանում ենք ապրում: «Մեկը՝ թղթի վրա, սևը սպիտակի վրա գրած, մյուսը՝ իրական. դժվար, անհասկանալի, իրարամերժ ծայրահեղությունների»:

 

-Լիլիթ, վերջերս մի գրառում էիք կատարել, որում հարց էիք տվել, թե արդյո՞ք հաջողվեց մեզ անկախության  տարիների ընթացքում կառուցել քաղաքացիական հասարակություն, հասնել սեռերի փաստացի իրավահավասարության։ Ի՞նչն է Ձեզ մտահագում այս հարցում:

 

-Եթե քաղաքացիական հասարակությունը դիտարկում ենք  որպես հասարակական կազմակերպությունների, ինստիտուտների կամ խմբերի կամավոր գործառույթ, որի  առանցքի  շուրջ համախմբվում են տվյալ երկրի քաղաքացիները, որպեսզի   փոփոխեն,  հակազդեն   պետությանը, միգուցե նաև` որևէ  մասնավոր կամ պետության կողմից որդեգրված քաղաքական, սոցիալական տնտեսական գործընթացի վրա (սա ես չեմ ասում,  Լոնդոնի քաղաքական դպրոցի սահմանումն է)  ապա դրական գնահատական տալ չենք կարող: Որովհետև  քաղաքացիական հասարակությունը նաև հանրության տարբեր շերտերի, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց համագործակցության ու փոխազդեցության բազմաշերտ հարաբերություն է,  ուր անխուսափելի անհրաժեշտություն են պետության կողմից երաշխավորված մարդկային իրավունքներն ու ազատությունները, անհատի տնտեսական անկախությունն ու նրա  անհատական ինքնորոշման իրավունքը։  Սա հանրային ու քաղաքակրթական առաջընթացի  կարևոր պայման է: Տեսեք՝ Հայաստանում ոչ մի օրենք սեռերի անիրավահավասարության  համար  հիմք չի տալիս, նույնիսկ  հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ ու հնարավորություններ է երաշխավորում,  բայց այս պարագայի համար էլ  կարող եմ ասել այն, ինչ հաճախ եմ ասում՝ մենք երկու ճշմատությունների Հայաստանում ենք ապրում. մեկը՝ թղթի վրա, սևը սպիտակի վրա գրած, մյուսը՝ իրական, դժվար, անհասկանալի, իրարամերժ ծայրահեղությունների:  


Սա ո′չ միայն ես եմ ասում, սա ասում է համապատասխան վիճակագրությունը, ըստ որի`  նախորդ տարի,  ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի՝  սեռերի իրավահավասարության վարկանիշի , 142 երկրների մեջ Հայաստանը 103-րդ տեղում է։


Նշեմ, որ այս   վարկանիշը ձևավորվում է ո′չ միայն քաղաքական կյանքում կանանց մասնակցության ցուցանիշներով, այլև՝  տնտեսական, կրթական, առողջապահական ոլորտներում սեռերի հնարավորությունների, դրանց իրացման մակարդակով:


Եվ սա այն պայմաններում, որ  անկախանալուց   այսդին Հայաստանն ընդունել է բազմաթիվ  միջազգային համաձայնագրեր,  ներառյալ ՄԱԿ-ի մի քանի կոնվենցիաներ՝ հանձնառություն ստանձնելով պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, վերացնել սեռերի միջև խտրականության բոլոր դրսևորումները։Մեր   ստանձնած միջազգային պատավորությունների շրջագծում է նաև խորհրդարանում կանանց ընդգրկվածության 30%-անոց շեմի հաստատումը։
Բայց   փաստացի պատկերն այն է, որ մենք այս առումով   հայտնվել ենք Գանայի ու Մալայզիայի հետ ոչ այնքան պատվաբեր հարթակում (10.7%)։

 

-Որո՞նք են պատճառները:

 

-Պատճառներն, իհարկե, հստակ են. մեծ մասը բացատրվում է   մեր պատմական «նստվածքով» ու   քաղաքական մշակույթի որակներով: Իհարկե՝ աղքատության, գործազրկության, կոռուպցիայի, ինքնավերարտադրվող քաղաքական համակարգի պայմաններում կանանց անխոչընդոտ քաղաքականություն մուտք գործելու մասին  այնքան էլ  իրատեսական չէ խոսելը,   բայց, կարծում եմ,  նույնքան էլ արդարացված չէ իշխանություն իրականացնողներից   քաղաքական կամք  ու ընտրողի քաղաքացիական գիտակցություն սպասելը:  Չմոռանանք՝  քաղաքականություն նշանակում է փող և իշխանություն, որոնցից  երկուսից էլ դժվար է բաժանվելը։

 


Այս առումով պատահական չեմ համարում, որ  մինչ Եվրոպական շատ երկրներ քաղաքականության մեջ քվոտավորման համակարգից անցել են իրական հավասարության գաղափարին, մենք դեռ  փորձում ենք   քաղաքականության մեջ կանանց մասնակցությունն ապահովելու քվոտավորման աշխատող մեխանիզմներ ճշտել։ Հանուն արդարության պետք է նշել, որ, այնուամենայնիվ, ժողովրդավարության թույլ ու խոցելի մակարդակ ունեցող երկրներում քվոտավորոմը շարունակում է մնալ կանանց սոցիալական ու քաղաքական դերակատարությունը ապահովող հիմնական, եթե ոչ միակ միջոցը։ Այնպես որ՝  սպասենք քաղաքական ու բարոյական կլիմայի փոփոխությանը ու մի անգամ էլ մտածենք, որ  սրանով, ի  վերջո, աղքատացնում ենք սեփական երկիրը՝ չօգտագործելով այդքան թանկ մարդկային ռեսուրսը։ Հստակ է, ժողովրդավարական որևէ գործընթաց չի կարող ամբողջական ու անդառնալի լինել առանց կանանց իրավահավասար դերակատարության։