Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է դրամ-դոլար փոխարժեքի տատանումներով. Գ. Սահակյան

16:30 • 15.06.15


 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե լսումներն էլ հաստատեցին, որ 6,93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումները հիմնականում պայմանավորված են դրամ-դոլար փոխարժեքի տատանումներով, կարծում եմ բոլորդ էլ քաջատեղյակ եք, որ մոտ  60 դրամով թանկացավ դոլարը, եթե 60 դրամով բարձրացել է, ուրեմն բնական է, որ 7 դրամը համակարգը պետք է վերցներ»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե ինչպես է, որ ցանկացած թանկացում ժողովրդի եկամուտների հաշվին է լինում, Գալուստ Սահակյանը ասաց. «Բա ժողովուրդն է ազգը պահում, դու գիտես Գալուստ Սահակյա՞նն է ազգը պահում»: ԱԺ նախագահն անպատասխան թողեց  լրագրողներից մեկի առաջարկը, որ գուցե օլիգարխները վճարեն ՀԷՑ-ի կուտակված պարտքերը, ոչ թե ժողովուրդը:


Հարցին, թե ինչու ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը չեկավ խորհրդարանական լսումներին, ԱԺ նախագահը նկատեց. «Բիբինը հիմնարկի ղեկավար է, կարծում եմ երկնչելու, ասելիքը հիմնավորել չկարողանալու պատճառով չեկավ»: Դիտարկմանը՝ միգուցե իշխանությունների հետ պայմանավորվածություն կար, որ չգա, Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց՝ «կասկածողներն իրեն հարց չտան»:


«Ստացվում է՝ չե՞ք վիրավորել նրա չգալուց» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հիմնարկի տնօրենից ի՞նչ նեղանամ, էնքան մարդիկ կան, որ հրավիրում ենք չեն գալիս, մենք հրավիրում ենք, ովքեր չեն գալիս իրենց խնդիրն է»:


Հարցին, թե ՀՀ իշխանությունները համարձակություն կունենան ՌԴ-ի ներկայացուցչին պատասխանատվության ենթարկելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե Բիբինի ազգային պատկանելությունն այստեղ որևէ որոշիչ դեր չունի. «Այս խնդրում էական չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է, խնդիրն այն է, որ խոսքը վերաբերում էր 105-106 միլիարդին, հանձնաժողովը աշխատեց, նաև մեր քաղաքացիական հասարակությունը ընդվզեց խոսքը գնաց 23 միլիարդի մասին, որը կապված է դրամ-դոլար փոխհարաբերությունների հետ, այսինքն՝ եթե կաթը թանկանում է, էլեկտրաէներգիան էլ պիտի թանկանա»:

 

Ինչ վերաբերում է օրեր առաջ Բիբինը հարցազրույցին, որտեղ նա մեղադրում է ՀՀ կառավարությանը ոչինչ չանելու մեջ, ԱԺ նախագահը այն անվանեց  որպես «գորշ, անիմաստ հայտարարություն»: «Ավելի կշռելի կլիներ, որ ոչինչ չասեր, քան խոսեր»,- ասաց Սահակյանը: