Վրաստանի խորհրդարանը պահանջել է շտապ հետաքննել Թբիլիսիում ջրհեղեղի պատճառները
Վրաստանի խորհրդարանը կոչ է անում քննչական մարմիններին արագացնել Թբիլիսիում կիրակի օրը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառների հետաքննությունը, գրում է Interfax.ru-ն:
«Խորհրդարանը դիմում է քննչական մարմիններին առավելագույն սեղմ ժամկետներում ավարտել Թբիլիսիում ջրհեղեղի պատճառների հետաքննությունը»,- երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Աննա Միրոտաձեն:
Նա հայտնել է, որ երկուշաբթի օրը որոշում է կայացվել խորհրդարանի կողմից ջրհեղեղի հետևանքով տուժածների ընտանիքներին 1 միլիոն լարի փոխանցելու վերաբերյալ:
«Բացի այդ, խորհրդարանում մասնագետների լսումներ կսկսվեն Վրաստանում շրջակա միջավայրի անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ»,- հավելել է Միրոտաձեն:
Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտնել է լրագրողներին, որ շատ պետությունների առաջնորդներ պատրաստ են վրացական կողմին օգնություն տրամադրել ջրհեղեղի հետևանքների վերացման գործում:
Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 13-ի, մոտ 20 հոգի համարվում է անհայտ կորած:










