Գյումրիում ձերբակալված ռուսական ռազմաբազայի զինծառայողը խոստովանել է զինակցի սպանության մասին
Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության պատճառը եղել է կենցաղային խնդիրը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը դարձել է վիճաբանությունը զինակցի հետ, ով այս պահին ձերբակալված է և խոստովանական ցուցմունքներ է տալիս»,- նշել է աղբյուրը։
Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ հունիսի 15-ի առավոտյան ժամը մոտ 08։00-ին Գյումրիում զորամասի սահմաններից դուրս հայտնաբերվել է ռազմաբազայի զինծառայողի դի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեպքի առթիվ կզեկուցվի նախագահին։
«Դեռևս չեմ կարող պատասխանել՝ եղել են արդյոք զեկուցումներ նախագահին։ Անկասկած, դա ԶԼՄ-ների հաղորդագրություն է, և կներառվի համապատասխան ցանկում»,- ասել է Պեսկովը։










