Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբը կլինի Օդեսայում. Սաակաշվիլի

10:14 • 15.06.15

Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի շտաբը կլինի Օդեսա քաղաքում: Այդ մասին հայտնել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է korrespondent.net-ը:

 

«Մենք երեկ խոսել ենք պաշտպանության փոխնախարարի հետ, քննարկել ենք այդ հարցերն Ուկրաինայի նախագահի հետ և եկել եզրակացության, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղակայման վայրը կարող է լինել միայն Օդեսա քաղաքը՝ իր լավ ծովային ավանդույթներով և հեռանկարով, որ հենց այդ քաղաքում Ուկրաինայի ռազմածովային ուժերը կպահպանվեն և կզարգանան»,- հայտարարել է Սաակաշվիլին:

 

Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը որոշել է զինվորականներին սննդամթերքով ապահովելու հարցը և շուտով կլուծի նաև սոցիալական կենցաղային պայմանների հարցը:

 

Սաակաշվիլին հայտարարել է նաև, որ «Ռազմածովային ուժերն իրենց հերթին կանեն ամեն ինչ, որպեսզի ազատեն ժամանակավորապես գրավված տարածքները»: