Բա մի բերան ասեիր՝ «ստավկա» դնեինք. ասել են Հայաստան-Պորտուգալիա խաղին դաշտ ներխուժած Շահենին

17:25 • 15.06.15

 

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տրիբունայից «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկով  խաղադաշտ վազած Շահեն Հարությունյանին ծանոթներից ոմանք ասել են` «բա ինչի՞ չէիր մի բերան ասում, ստավկա անեինք»:


Այս մասին  Tert.am-ին հայտնեց Շահեն Հարությունյանը՝ ասելով. «Ես սրիկայություն եմ համարում նման խոսակցությունները, հատկապես, որ ասում են՝ Շահենը ստավկա է դրել Vivarobet-ում կամ  Toto-ում: Չհասկացա, ինչ է նշանակում... Ամեն վայրկյան իմ խափանման միջոցը կարող էին փոխել, շատ էլ որ պայմանական ազատության մեջ եմ գտնվում: Ես պետք է մի քանի կոպեկ փողի համար իմ ազատությունը զոհեի՞»:


Նշենք, որ միջազգային տոտալիզատորները խաղադրույք էին սահմանել` արդյո՞ք որևէ երկրպագու կներխուժի դաշտ և դրա համար սահմանել էին բարձր գործակից:


Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը ևս հոր՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր ազատազրկման:


Կոնկրետ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի ռեակցիան իր քայլին նա չի տեսել, քանի որ այդ ժամանակ նա արդեն բերման է ենթարկված եղել ոստիկանություն, և դրան ծանոթացել է ավելի ուշ` նկարները  դիտելով։


Ինչ վերաբերում է հարցին, թե բացի ամեն ինչը սիրո՞ւմ է Ռոնալդուին, Շահեն Հարությունյանն ասաց. «Որպես  ֆուտբոլիստ, ինքը շատ լավ է խաղում, բայց ես այդ ամենը Ռոնալդուի համար չեմ արել: Ուղղակի օգտագործել եմ այն փաստը, որ իրեն շատ լավ են ճանաչում»: