Եթե ԱԺ նախագահ եմ, դա չի նշանակում, որ պետք է օգտագործեմ լծակներս հարազատներիս պաշտպանելու հարցում. Գ. Սահակյան

16:45 • 15.06.15

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր աներորդու՝ Աշոտ Աղաբաբյանի շուրջ ծագած հարցը համարում է դատական վճռի հարց: «Այս պայմաններում ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է… Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, ապա դատական վճռի հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է:


Հարցին՝ ինչպես է ստացվում, որ ԱԺ նախագահը չի միջամտել այս հարցում՝ օգտագործելով իր լծակները, Գալուստ Սահակյանը նկատեց. «Եթե ԱԺ նախագահ եմ, դա չի նշանակում, որ պետք է բուռն կերպով օգտագործեմ իմ լծակները հարազատներիս պաշտպանելու հարցում, Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»:


Հարցին՝ թե ինչու միայն հիմա սկսվեցին ստուգումներ Աշոտ Աղաբաբյանին պատկանող ընկերություններում և խախտումներ արձանագրվեցին, Սահակյանը պատասխանեց. «Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ անընդհատ հարկային ստուգումներ եղել են, բայց ինչի միայն իր նկատմամբ, բոլորի»:


Իսկ թե իրեն պատկանող ընկերություններում նույնպես՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Շատ կցանկանայի բիզնես ունենալ, եթե կարծում եք ունեմ, ներկայացրեք»: