Թբիլիսիում ջրհեղեղի պատճառ դարձած եղանակային պայմանները Հայաստանին չեն սպառնում. Գագիկ Սուրենյան

20:50 • 15.06.15

ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Թբիլիսիում մեծ ջրհեղեղի պատճառ դարձած վատ եղանակային պայմանները Հայաստանին չեն սպառնում:

 

«Առաջիկա 3-4 օրերին երեկոյան ժամերին և գիշերը հանրապետությունում սպասվում են կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք նորմալ են տարվա այս ժամանակահատվածի համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ առանձնապես վտանգավոր երևույթներ առաջիկա օրերին չեն կախատեսվում:


Անդրադառնալով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին, որի հետևանքով շուրջ 15 մարդ է մահացել, օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալն ասաց, թե քանի որ վրացի մասնագետները նյութեր չեն հրապարակել, իրենք էլ առանձնապես չեն ուսումնասիրել, թե կոնկրետ ինչից էր ջրհեղեղը, բայց կարող է ասել, որ դա ակտիվ ցիկլոնային գործունեության հետևանք կարող է լինել:


«Հորդառատ անձրևները միայն ցիկլոնով կարող են պայմանավորված լինել, ուրիշ ոչ մի արտառոց, գերբնական երևույթ չկա: Բնական երևույթ է, ուղղակի ուժեղ է արտահայտված»,-նկատեց Գագիկ Սուրենյանը: