Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 բնակիչ է սատկել ուժեղ ջրհեղեղի հետևանքով

13:05 • 15.06.15

Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 բնակիչ է սատկել նախօրեին քաղաքում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով։ Կենդանիների մի մասը սատկել է տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, մի մասին սպանել են հատուկջոկատայինները: Այդ մասին հայտարարել են Թբիլիսիի կենդանաբանական այգու ներկայացուցիչները, գրում է ria.ru-ն:

 

«Կենդանաբանական այգում 600-ից ավելի բնակիչ կար, կեսից ավելին սատկել է: Փախած կենդանիների մի մասը ոչնչացվել է, մի մասը տեղափոխվել անվտանգ տարածք: Այս պահին տարվում են մաքրման աշխատանքներ: Ինչպես արդեն հայտնի է՝ մեր սիրելին՝ սպիտակ Շումբա առյուծը, սպանված է հայտնաբերվել»,-լրագրողներին հայտնել են հաստատության ներկայացուցիչները։

 

Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ փախած կենդանիներից մի քանիսը սպանվել են հատուկջոկատայինների կողմից առանց անհրաժեշտության:

 

Կարկուտով և քամիով ուղեկցված հորդառատ անձրևները Թբիլիսիում տեղացել են լույս կիրակի: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ: Քաղաքապետ Դավիդ Նարմանիան հայտնել է 12 զոհի մասին, սակայն վրացական ԶԼՄ-ները հայտնում են նոր զոհերի մասին: