ԱՄՆ պետդեպը ողջունում է Էմին Հուսեյնովի ազատ արձակումն ու նույնն ակնկալում մյուս ադրբեջանցի քաղբանտարկյալների համար

10:19 • 15.06.15

ԱՄՆ պետդեպը հայտարարությամբ է հանդես եկել՝ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրավապաշտպան Էմին Հուսեյնովի ելքը երկրից չխոչընդոտելու որոշմամբ, տեղեկացնում է contact.az-ը:

 

Էմին Հուսեյնովը 10 ամիս շարունակ ստիպված էր թաքնվել Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը:

 

«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կառավարության որոշումը՝ Էմիլ Հուսեյնովին Ադրբեջանից դուրս գալու թույլտվության կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:



Հուսեյնովն անցյալ տարվա օգոստոսից Շվեյցարիայի դեսպանատանն էր որպես փախստական՝ զգուշանալով ձերբակալությունից: Նա մամուլի ազատության համար ակտիվ պայքարողներից է:

 

«Մենք ողջունում ենք այդ ժեստը, որը համընկել է Բաքվում Եվրոպական խաղերի սկզբի հետ, և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում այդ բարի կամքը տարածել նաև այլ անձանց վրա, որոնք տուժել են քաղաքացիական ակտիվության համար, ներառյալ՝ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ինթիգամ Ալիևը, որի առողջական վիճակը շարունակում է վատանալ: Մենք նաև ողջունում ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ Էմին Հուսեյնովին ցուցաբերած աջակցության ու օգնության համար»,-ասել են Պետդեպից: