Յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց պարգևատրումը կատարվել է բավարար. Բննախի պարզաբանումը

13:20 • 15.06.15

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է «Սրբազան հող» հասարակական կազմակերպության ղեկավար  Սուսաննա Էլբակյանի՝ Tert.am-ին հետ զրույցում պնդմանը, թե նախարարությունը յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց պարգևատրումը ոչ բավարար է կատարել:

 

Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 


«ՀՀ բնապահպանության նախարարությունը, ձեռնպահ մնալով վերոնշյալ հարցազրույցին մասնագիտական գնահատական տալուց, հարկ է համարում, սակայն, որոշակի ճշգրտումներ անել գայլերի թվաքանակի կարգավորման նպատակով տրվող պարգևավճարների չափին` հասարակության շրջանում ապատեղեկատվության տարածում թույլ չտալու նպատակով:
 

Համաձայն ՀՀ կառավարության 10.02.2011 թ. «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» թիվ 123-Ն որոշման` յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց պարգևատրման չափը սահմանվել է 100.000 ՀՀ դրամ /համապատասխան հարկային պահումով, որը այդ ժամանակվա եկամտահարկի մասին օրենքի համաձայն կազմել է 93,350 ՀՀ դրամ/, 2012-ին գործել է նույն կարգը. 2013-ին գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառում չի իրականացվել, 2014-ին կրկին յուրաքանչյուր ոչնչացված գայլի դիմաց նախատեսվել է 100.000 ՀՀ դրամ, սակայն եկամտային հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում քաղաքացին առձեռն ստացել է 75,600 ՀՀ դրամ, ինչն էլ որոշակի թյուրըմբռնում և դժգոհություններ էր առաջացրել բնակչության շրջանում, արդյունքում 2015-ին վերանայվեց տրամադրվող պարգևավճարի չափը` կազմելով ոչ թե 126.000 դրամ, ինչպես նշում է բանախոսը, այլև 123.346 ՀՀ դրամ, ինչի արդյունքում քաղաքացին առձեռն ստանում է 93,196 ՀՀ դրամ:
 

Ինչ վերաբերում է կարծիքին, թե ոչ բոլոր մորթիներն են ընդունվում, ապա նշեմ, որ ՀՀ ԲՆ գայլերի թվաքանակի կարգավորման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է` առաջնորդվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 123 Ն որոշմամբ սահմանված կարգով»,–ասվում է պարզաբանման մեջ։