Մահացել է Քըրք Քըրքորյանը (թարմացված)

19:09 • 16.06.15

USA Today-ի բիզնես - հեղինակ Նաթան Բոմին Twitter-ի իր էջում հայտնում է, որ «վախճանվել է Քըրք Քըրքորյանը»:

 

Նա գրում է, որ տեղեկությունը հաստատված է:

 

Տեղեկությունը հաստատում է նաև Los Angeles Times-ը:

 

19.18

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` Քըրքորյանը մահացել է Լոս Անջելեսում: Լեգենդար գործարարը 98 տարեկան էր: Ցավալի տեղեկությունը հաստատել են նաև MGM Resorts International-ից, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում էր Քըրքորյանին:

 

Վերջին` 2012-ի տվյալներով Քըրքորյանի կարողությունը գնահատվում է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Նա համարվում էր Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ թաղամասի ամենահարուստ բնակիչներից:

 

ԶԼՄ-ներն ընդգծում են Քըրքոյանի դերը Լաս Վեգասի կայացման գործում:
Քըրքորյանը նաև Հայաստանի ազգային հերոս էր:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ նրա նախաձեռությամբ սկսվել են աշխատանքները Հայոց ցեղասպանության մասին մասշտաբային ֆիլմի վրա:

 

 

Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը՝ Գրիգոր Ահարոնի Գրիգորյանը, ծնվել է 1917թ. հունիսի 6-ին՝ Ֆրեզնո քաղաքում: Նա սերում էր 1880 թ-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Ամերիկահայ մեծահարուստը զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ:

 

Նրա կարողությունը, համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության, 2007 թվականին կազմում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլար, բացի այդ՝ նա համարվում էր Լաս Վեգասի հայրը:

 

Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին Քըրք Քըրքորյանը մշտապես օգնել է Հայաստանին ու Արցախին:

 

Մասնավորապես, նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը  2001թ-ից ի վեր 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նա նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996 թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար:

 

2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։