Առողջապահության նախարարն Ուռուցքաբանության կենտրոն այցի ընթացքում հիվանդի է վիրահատել

16:39 • 16.06.15

 

 

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացել է կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ մասնավորապես` վերանորոգվել  և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը:


Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը:

Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը  դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:

Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:


Բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև հիվանդանոցի հարակից տարածքում, վերանորոգվել է աստիճանավանդակը:


Ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպես նաև Ուրոլոգիական բաժանմունքի և ամբիոնի աշխատակիցների խնդրանքով նախարար Արմեն Մուրադյանը վիրահատել է հիվանդին՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը:

 

Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցավ բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար: