ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը մահացել է զվարճանքների այգի այցելելուց հետո

08:41 • 16.06.15

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Six Flags Magic Mountain թեմատիկ այգում 10 տարեկան աղջիկը կորցրել է գիտակցությունն «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը նստելուց հետո, իսկ մեկ օր անց նա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Քննիչները պարզում են, թե ինչը կարող էր հանգեցնել երեխայի գիտակցության կորստին:

 

«Մենք խորապես վշտացած ենք Ժասմին Մարտինեսի մահվան կապակցությամբ: Մենք աղոթում ենք նրա ընտանիքի հետ միասին»,-  Twitter-ում գրել է զբոսայգու ղեկավարությունը:

 

Revolution ատրակցիոնի գոյության 40 տարիների ընթացքում դրա վրա տեղի չի ունեցել ոչ մի լուրջ դժբախտ պատահար, չնայած ատրակցիոնն այդ ընթացքում այցելել է 45 միլիոն մարդ, հայտնում է զբոսայգու մամուլի ծառայությունը:

 

Los Angeles Times-ի տվյալների համաձայն՝ ատրակցիոնների այցելուների բողոքների 18 տոկոսը վերաբերում է գլխապտույտին, ուշաթափությանը և սրտխառնոցին: