Իտալիայում բացահայտել են թափոնների՝ Եվրոպայի ամենամեծ ապօրինի աղբավայրը (տեսանյութ)

16:21 • 16.06.15

Իտալիայում մի լրագրող բացահայտել է թափոնների՝ Եվրոպայի ամենամեծ ապօրինի աղբավայրը, որն անհանգստացրել է նաև շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոստիկանությանը, գրում է euronews.com-ը։

 


Այն այնքան ահռելի է, որ համեմատության համար նշվում է 30 ֆուտբոլի մարզադաշտի ընդհանուր չափը։

 

«Մենք հայտնաբերեցինք թաղված թափոններից դուրս եկող հրավտանգ հեղուկներ, ապա սկսեցինք փորել այդ հատվածները և գտանք վտանգավոր թափոններ։ Կարծում եմ՝ թափոնների հետ հանցագործները որոշել են այդպես վարվել, քանի որ շինարարական աղբը և լուրջ վտանգ ներկայացնող թափոնները վերամշակելն ավելի թանկ է, քան պարզապես դրանք թաղելը»,- ասել է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոստիկանության բաժանմունքի աշխատակից Սերջիո Կոստան։

 


Լրագրող Սալվատորե Մինիերին սկսել է հարցաքննել տեղի բնակիչներին և համեմատել է 1960-ականներին արված տեղանքի լուսանկարներն անօդաչուներով արված լուսանկարների հետ։

 


Արդյունքում՝ պարզվել է, որ անհասկանալի բլրակներ են առաջացել, իսկ տեղի բուսական աշխարհն ու ընդհանուր միջավայրը մեծ փոփոխությունների են ենթարկվել` հողը դարձնելով մանուշակագույն և կապույտ գույնով ներկված։

 

Մաֆիայի անդամ Կարմինե Շիավոնեն հայտնել է, որ շուրջ 20 տարի մասնակցություն է ունեցել այդտեղ թափոններ տեղափոխելու գործին և մեծ գումարներ է աշխատել ապօրինի աղբավայրի բիզնեսից։