Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը
Ռուսական էստրադայի սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասել է 40-ամյա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն:
«Նա 3 ամիս կոմայում է եղել, պարզապես մենք չէինք ասում: Երևի թե նրան կհուղարկավորենք Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը»,-ասել է երգչուհու հայրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այն մասին, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ էր, հայտնի էր դարձել 2014 թվականի սկզբին: Նրա մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Երգչուհուն օգնելու համար երկրպագուներն ավելի քան 60 մլն ռուբլի էին հավաքել:
Գերմանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր Բալթյան երկրներ: Անցյալ տարի ամռանը նա աստիճանաբար գիտակցության էր եկել:
2014 թվականի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, և բժիշկներին հաջողվել էր երկարատև արդյունքի հասնել:
Վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում՝ ամուսնու և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ:










