Քրդերն ԻՊ-ից հետ են վերցրել Սիրիայում ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքը

09:10 • 16.06.15

Ինքնապաշտպանության քրդական ջոկատները հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել-Աբյադ քաղաքն ազատագրելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարը պատմել է BBC-ին, որ գրոհայինները զգալի կորուստներ են կրել և հետ են քաշվել, սակայն նախապես ականապատել են շատ փողոցներ և քաղաքի շենքեր: Այդ պատճառով խաղաղ բնակիչներին խորհուրդ է տրվել չհեռանալ տներից մինչև սակրավորները չավարտեն իրենց աշխատանքը:

 

Քաղաքն ազատագրելու մասին տեղեկությունը հաստատել են ևս մի քանի աղբյուր, այդ թվում՝ Reuters գործակալության թղթակիցը:

 

Թել-Աբյադ քաղաքը ռազմավարական նշանակություն ունի հակամարտության երկու կողմերի համար, քանի որ թույլ է տալիս հսկողության տակ առնել Թուրքիայի հետ սահմանից տանող ճանապարհը մինչև Ռաքքա քաղաք, որը համարվում է «Իսլամական պետության» գրոհայինների ամրոցը:

 

Գրավելով Թել-Աբյադը՝ քրդերն «Իսլամական պետության» գրոհայիններին կտրել են զենքի և վառելիքի մատակարարումից, ինչպես նաև հնարավորություն են ստացել միավորել իրենց ուժերը և անցնել Ռաքքայի վրա ուղիղ հարձակման։