Ամերիկացին, նյարդայնանալով հաչոցից, մետաղալարով կապել է շան երախը և այդպես թողել 3 օր
ԱՄՆ-ի Չարլստոն քաղաքում բնակվող Ուիլիամ Դոդսոնը մետաղալարով կապել է իրեն հաչոցով նյարդայնացնող շան՝ Քեյթլինի երախը, որն այդ վիճակում տանջվել է 3 օր, գրում է lifenews.ru-ն։
Մեկ տարեկան սթաֆորդշիրյան տերիեր ցեղատեսակի շունն առանց սննդի և ջրի անցկացրել է 3 օր՝ ցավերի մեջ տանջվելով, քանի որ տիրոջ ամուր կապած մետաղալարը խրվել է նրա մաշկի մեջ և խորը վերք առաջացրել։
Անասնաբույժները մի կերպ հեռացրել են մետաղալարը և պարզել, որ վնասվել է նաև կենդանու լեզուն, որի մի հատվածը ստիպված են եղել վիրահատելով հեռացնել։
Կենդանիների իրավունքների պաշտպանները դատի են տվել Ուիլիամ Դոդսոնին, ում նկատմամբ դատարանը սահմանել է 50.000 դոլար տուգանք և արգելել է շարունակել շանը պահել։
Դատարանի դահլիճում Չարլստոն քաղաքի կենդանիների պաշտպանության ասոցիացիայի քննիչ Էլվին Ռոմանը հայտարարել է. «Սա կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենավատ դեպքն է, որին երբևէ հանդիպել եմ»։
Մինչդեռ, մեղադրյալ Դոդսոնը դատարանում իր մեղքը չի ընդունել և նույնիսկ ժպտալով պատմել է, թե ինչպես է շանը 20 դոլարով գնել մայիս ամսին, իսկ կենդանու երախը կապել է մետաղալարով, քանի որ շան հաչոցն իրեն զայրացրել է։










