Հայաստանը 60-րդ տեղն է զբաղեցրել կյանքի որակի վարկանշային ցանկում

13:41 • 16.06.15

Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը կյանքի որակի վարկանշային ցանկում՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Իրանից և հետ մնալով Վրաստանից, Բելառուսից և Թուրքիայից՝ Numbeo-ի տվյալների համաձայն:

 

Վարկանշային ցանկում առաջատարը Շվեյցարիան է, երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիան, երրորդը՝ Շվեդիան: Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան:

 

Վրաստանը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 50-րդ տեղում, Բելառուսը՝ 54-րդ, Ռուսաստանը՝ 72-րդ հորիզոնականում, իսկ Իրանը՝ 80-րդ տեղում:

 

Ընդհանուր առմամբ՝ ցանկում ներառված է 86 երկիր, վերջին տեղը զբաղեցրել է Վենեսուելան:

 

Numbeo-ն աշխարհում քաղաքներին և երկրների նվիրված՝ օգտատերերի բովանդակության ամենախոշոր բազան է: Տվյալները հավաքագրվել են համացանցում անցկացված հետազոտությունների օգնությամբ՝ առանց պաշտոնական կառավարական զեկույցների օգտագործման: Կյանքի որակի ինդեքսը որոշվում է մի քանի չափանիշներով, այդ թվում՝ էկոլոգիական և անվտանգության մակարդակներով: