Հայաստանի գրողների միության ղեկավար մարմինը այսուհետ կընտրվի 4 տարին մեկ

16:27 • 16.06.15

Հայաստանի գրողների միության ղեկավար մարմնի ընտրությունները այսուհետ կիրականացվեն չորս տարին մեկ՝ նախկին 2 տարվա փոխարեն:

 

Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Նմանատիպ որոշում հունիսի 16-ին հրավիրված հատուկ ժողովում քվեարկությամբ ընդունեցին Հայաստանի գրողների միության անդամները:


«Այս փոփոխությունների առավելությունն այն է, որ եթե նախկինում ղեկավար կազմը ընտրվում էր երկու տարով, այդ ժամանակահատվածն անչափ քիչ էր 500 հոգուց ավելի անդամ ունեցող կազմակերպության նախագծերը իրագործելու համար: Իսկ չորս տարին մեկ ընտրությունների իրականացումը բավարար է նախագծած աշխատանքները իրականացնելու համար»,- ասաց Պետրոս Դեմիրճյանը:

 

Գրողների միության քարտուղարը տեղեկացրեց, որ 2013թ. օրենքում փոփոխության հիման վրա՝ «միություն» բառ պարունակող կազմակերպությունները պետք է վերանվանվեին: Սակայն անցած տարի Ազգային ժողովը որոշում էր կայացրել հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու մասին:


«Հաշվի առնելով ՀԿ-ների օրենքում տեղ գտած նոր փոփոխությունները՝ մենք ևս պետք է փոփոխություն կատարենք մեր կանոնադրության մեջ, որպեսզի այն համապատասխանեցնենք ՀԿ-ների մասին օրենքի պահանջներին: Արդյունքում համաժողովների իրականացման հաճախության կրկնակի կրճատումից և այդ համաժողովների փաստաթղթերի պահպանման ժամկետների երկարաձգումից բացի, ՀԿ-ները իրենց անվանումների մեջ կրկին հնարավորություն ունեն գործածելու «միություն» բառը», -տեղեկացրեց Պետրոս Դեմիրճյանը: Այսպիսով` «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ն այսուհետ կրկին կստանա Հայաստանի գրողների միություն իրավաբանական անվանումը:


Գրողների միության քարտուղարը ժողովից հետո տեղեկացրեց, որ ժողովին ներկա են եղել միության 101 անդամներ: Իրենց քվեարկությունները նախօրոք համացանցի միջոցով ուղարկել էին միությանը անդամակցող գրողներ մարզերից, Արցախից և սփյուռքից:

 

Քվեարկությանը մասնակցող անդամների գերիշխող մասը կողմ էր փոփոխությանը և միայն մեկը՝ ձեռնպահ: