«Իսլամական պետությունը» բացահայտ հայտարարում է իրավիճակն ԱՊՀ-ում ապակայունացնելու մտադրության մասին. ՌԴ ԱԴԾ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը բացահայտ հայտարարում է ԱՊՀ-ում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել միջազգային ահաբեկչության ազդեցության գոտու ընդլայնման և ակտիվացման գործընթացի վրա։ Այժմ նրա միջուկն է «Իսլամական պետությունը», որը բազաներ է ստեղծում աշխարհի տարբեր շրջաններում և բացահայտ հայտարարում է ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածքում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին»,- նշել է ԱԴԾ ղեկավարը։
Բորտնիկովն անհրաժեշտ է համարում ուժեղացնել համագործակցությունն այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որոնց տարածքներում ԻՊ-ի անդամները ստեղծում են իրենց ճամբարներն ու բազաները։
«Այս կապակցությամբ անհրաժեշտ է զարգացնել և ամրապնդել Հակաահաբեկչական կենտրոնի փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, առաջին հերթին՝ այն երկրների իրավասու մարմինների հետ, որոնց տարածքում ԻՊ-ի պատվիրակները ստեղծում են իրենց ճամբարներն ու բազաները»,- ասել է Բորտնիկովը։
Ծայրահեղական խմբավորումը հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ։ Այն արդեն զգալի տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում։










