Ակցիայի մասնակիցները ՀԾԿՀ-ին պահանջում են դադարեցնել էլէներգիայի սակագնի վերաբերյալ նիստը (թարմացված)
Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ՀԾԿՀ շենքի դիմաց քացաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել:
11.33
Հայտնենք, որ քիչ առաջ հրմշտոց սկսվեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև, ոստիկանները փորձում էին ակցիայի մասնակիցներին ուժով անցկացնել փողոցի եզրով անցնող պարսպի վրայից դեպի մայթ՝ որպեսզի ազատեն փողոցը:
Ակցիայի մասնակիցների համառության շնորհիվ ոստիկաններին չհաջողվեց ազատել փողոցը, որից հետո ոստիկանների թիվն ավելացավ , այս պահին թեև վիճակը հանգիստ է, սակայն լարվածությունը շարունակվում է:
11.28
Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» միության անդամները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջև պահանջում են դադարեցնել նիստը, իսկ հանձնաժողովի նախագահին` իջնել և բացատրություն տալ իրենց:
Մասնավորապես, թե ինչու է Հայաստանի էներգետիկ համակարգը տնօրինող ընկերությունը կուտակել պարտքեր, որից 24 մլրդը պետք է վճարի քաղաքացին ` իր գրպանից:
Ցույցի մասնակիցները, որոնց թվում կան նաև սփյուռքահայեր և սիրիահայեր, ինչպես նաև «Օրինաց երկիր» և «Հայկական վերածնունդ» -ի ներկայացուցիչներ. Նրանք փակել են ճանապարհի մի մասը, և ոստիկանները նրանց հորդորում են բացել ճանապարհը:
Ցուցարարներն էլ ոստիկաններին են հորդորում գնալ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարության հետևից, համաձայն որի՝ «գողություն է կատարվել»։
Ցուցարարները եկել են «Թալանից` 365 մլն դրամ` շքեղ մեքենաներին», «Թալանից` 161 միլիոն դրամ` հեռախոսազանգերին» , «Թալանից՝ 381 միլիոն դրամ՝ թանկարժեք բնակարաններին» և նման բովանդակության այլ պաստառներով:
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, որ պատրաստվում էր մասնակցել քննարկմանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե սա աղմկահարույց դեպք է, որը բացահայտվեց մի քանի պատճառով. Բիբինը հարցազրույց տվեց և ըստ էության, մեղադրեց և՛ կառավարությանը, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Մենք մասնակցելու ենք քննարկմանը, և այսօր պահանջում ենք, որպեսզի հետաձգեն այս գործընթացը, ավելին, ուղարկեն իրավապահ մարմիններին, ուսումնասիրություն կատարեն, թե այն հարյուրավոր միլիարդները, որոնք այսօր փաթաթվել են ժողովրդի վզին, ի՞նչ է լինելու դրա վերջը: Եթե իրենք իրականում ուզում են սպառողների շահը պաշտպանեն, բայց դա անել չեն կարողանում, թող հրաժարական տան»,-ասաց Հովհաննես Մարգարյանը:















