Սուր աղիքային ինֆեկցիայով երեխաների հոսպիտալացման դեպքերի միջև փոխկապակցվածություն չկա. ԱՆ
Երեկ հրապարակած տեղեկատվությունից հետո մինչև կեսգիշեր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել ևս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։ Հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գիշերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց վիճակը գնահատվել է կայուն։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ կազմակերպված բուժման արդյունքում Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում գտնվող երեխաների մոտ առկա է առողջացման դրական տեղաշարժ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ահազանգը ստանալուն պես նախարարության մասնագետները տեղում իրականացրել են համաճարակաբանական մանրակրկիտ և ծավալուն աշխատանքներ։ Վարակի աղբյուրը պարզելու նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ։
Համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքում մասնագետներն արձանագրված դեպքերի միջև փոխկապակցվածություն չեն տեսնում։
Իսկ ավելի վաղ կոմայի մեջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է ուղեղի այտուց։ Երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։
Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։
Նշենք, որ տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատև բուժում է ստացել հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում։
Հիշեցնենք, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել էր վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմունք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։










