ԱԳՆ-ն քաղաքական և այլ ոլորտներում կանանց լիիրավ մասնակցություն ավելացնելու ծրագիր է իրականացնելու

15:41 • 17.06.15


Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու հարցը:


Նման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալով. «Կանանց լիիրավ և հավասար մասնակցությունը քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում, ինչպես նաև սեռի հիմքով խտրականության բոլոր ձևերի վերացումը կենսական նշանակություն ունի մարդկանց առաջընթացի և կայուն զարգացման համար»:
Նշվում է, որ չնայած համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ միջոցառումներ են ձեռնարկվել Հայաստանի  կառավարության կողմից՝ բարելավելու կանանց կարգավիճակը հասարակության մեջ և վերացնելու  խտրականության բոլոր ձևերը, որոնք կարող են բերել տղամարդկանց և կանանց միջև անհավասարության և խտրականության, ընտանեկան բռնությունն ու իրազեկության ցածր մակարդակը (հատկապես գյուղական վայրերում և մարզերում) դեռևս առկա են:


Կառավարությունում ծանոթացել են «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներին և եկել եզրահանգման, որ  բնակչության շրջանում առկա է   գենդերային գիտելիքների ցածր մակարդակ, «ինչպես նաև «գենդեր» հասկացության սխալ կամ թերի մեկնաբանություն`  մասնավորապես երիտասարդության շրջանում»:
Ելնելով վերոհիշյալից՝ անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել մարզերում բնակիչների իրազեկության մակարդակը գենդերային հարցերի վերաբերյալ՝ այդպիսով նպաստելով գենդերային գիտելիքների տարածմանը և գենդերային խտրականության նվազեցմանը:
Ծրագրային առաջարկը մշակվել է Մեծամորի «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից և գնահատման նպատակով ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն : Վերջինիս կողմից այն ընդգրկվել է առաջնահերթ նշանակություն ունեցող ծրագրային առաջարկների ցանկում և փոխանցվել է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի դիտարկմանն ու հաստատմանը: