ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների

14:18 • 17.06.15

Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Արցախ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի  նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:


Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ, նշելով, որ դա լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու համար։


Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։


Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։


Կարեն Միրզոյանը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։


Հանդիպմանը մասնակցել է նաև «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։