Թբիլիսիի կենդանաբանական այգին հրաժարվել է Մոսկվայի օգնությունից

13:52 • 17.06.15

Թբիլիսիի ջրհեղեղից վնասված կենդանաբանական այգին հրաժարվել է Մոսկվայի գործընկերների առաջարկից՝ իրենց մոտ տեղավորել կենդանիներին: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Մոսկվայի կենդանաբանական այգու արտաքին կապերի ծառայության ղեկավար Օլգա Վայնշտոկը, հաղորդում է Interfax.ru-ն:

 

«Մենք բանակցել ենք Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենի հետ: Նրանք մեզ ասել են, որ իրենց այս պահին դեռ օգնություն պետք չէ։ Նրանք մեզ շնորհակալություն են հայտնել առաջարկի համար և ասել են, որ այս պահին նրանց դա հարկավոր չէ»,- ասել է Վայնշտոկը:

 

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մոսկվայի կենդանաբական այգին առաջարկել է վրաց գործընկերներին կենդանիներին տեղավորել իրենց տարածքում, ինչպես նաև լրացնել մասամբ դատարկված վրացական կենդանաբանական այգին Ռուսաստանից ուղարկված կենդանիներով:

 

Միևնույն ժամանակ, նախօրեին Թբիլիսի են ժամանել Պրահայի կենդանաբանական այգու գործընկերները, որոնք «ունեն աղետի դեմ պայքարի և կենդանիներին փրկելու կոնկրետ աշխատանքային փորձ», լրագրողներին հայտնել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մզիա Շարաշիձեն:

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում կիրակի օրը տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար է արել քաղաքը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 19 մարդ։