Հոսանքի թանկացման հետևանքով անխուսափելիորեն այլ թանկացումներ կլինեն. Վազգեն Սաֆարյան
Միանշանակ է, որ հոսանքի թանկացման հետևանքով այլ թանկացումներ կլինեն, դա անխուսափելի է և մեր երկիրը՝ որպես արդյունաբերական ապրանք արտադրող և իրացնող երկիր, որոշակի ծանր վիճակում կհայտնվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, որով առաջարկվում էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93:
Վազգեն Սաֆարյանն ասաց, որ թանկացումը կախված կլինի նրանից, թե որ արդյունաբերության մեջ ինչ չափով է օգտագործվում էլեկտրաէներգիան։ «Օրինակ` երկաթգծային բեռնափոխադրումները կթանկանան»,- ասաց նա և նշեց, որ մնացած բոլոր ապրանքների թանկացման վերաբերյալ էլ պետք է հաշվարկներ լինեն։
«Պարզ է, որ թանկացումը քաղաքացիների սոցիալական վիճակի վրա կանդրադառնա, անձամբ ես՝ որպես սպառող, 10-15 հազար դրամ ավելի հոսանքի գումար պետք է վճարեմ և սա շատ մարդկանց համար մեծ բեռ է լինելու»,- ասաց նա և նշեց, որ թեև կառավարությունն ասում է, որ անապահով ընտանիքներին փոխհատուցում կտրվի, սակայն դա լուծում չէ։
«Նորմալ երկրներում երեք աշխատողը մեկ թոշակառու է պահում, մեզ մոտ դուրս է գալիս, որ մեկ աշխատողը մեկ ու կես թոշակառու է պահում, ինչպես կարող է երկիրը զարգանա այս պարագայում։ Պետք է գնալ տնտեսական քաղաքականության մեջ էական փոփոխություններ անելուն և արդյունաբերական երկիր դարձնել»,- ասաց նա։










