Anonymous-ը կոտրել է Կանադայի կառավարական կայքերը
Կանադայի կառավարական կայքերն ու սերվերները դադարեցրել են աշխատանքը կիբերհարձակման հետևանքով: Դրա պատասխանատվությունը ստանձնել է Anonymous խումբը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կիբերհարձակման թիրախում են հայտնվել կառավարության կայքը՝ canada.ca-ն, ինչպես նաև անվտանգության ու հետախուզության ծառայության կայքը:
Կառավարության տվյալներով՝ հարձակումն անդրադարձել է նաև էլեկտրոնային փոստի և ինտերնետի հասանելիության վրա:
Anonymous խմբի անդամները տեսաուղերձ են հրապարակել, որում պատասխանատվություն են ստանձնել հարձակման համար և հայտարարել են, որ պատճառը եղել է Սենատի կողմից ընդունված հակաահաբեկչական օրենքը, որը, նրանց համոզմամբ, ոտնահարում է մարդու իրավունքները:
Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը ենթադրում է կանադական հատուկ ծառայությունների ու հետախուզության լիազորությունների ընդլայնում: Փաստաթուղթը դաշնային գործակալություններին հնարավորություն է տալիս ուժեղացնել հսկողությունն ու տեղեկատվություն փոխանակել մասնավոր անձանց մասին:










