Մերկ նկարչուհի Միլո Մոյրեն չարտոնված ներկայացում է կազմակերպել շվեյցարական Բազելում
Շվեյցարացի նկարչուհի Միլո Մոյրեն «Արտ-Բազել» միջազգային տոնավաճառի բացման ժամանակ չարտոնված ներկայացում է կազմակերպել` «Մերկ սելֆի» խորագրով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` Artnet պարբերականին հղումով, հանրության համար փակ վերնիսաժի օրերին նկարչուհին ներկայացել է մերկ և սկսել է լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:
Մերկանալուց առաջ նկարչուհին տեսախցիկ է տեղադրել պատմական թանգարանի դիմաց` Barfüsserplatz հրապարակում: Ապա հանել է վերնաշապիկն ու շորտերը և հարցրել, թե արդյո՞ք որևէ մեկը չի ուզում լուսանկարվել իր հետ: Ինչպես փոխանցում է աղբյուրը` ցանկացողները շատ էին:
«Այսպիսով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ վերնիսաժները միայն վերնախավի համար չեն», - մեկնաբանել է նկարչուհու օգնականը: Պարբերականը նշում է, որ նախորդ օրը Մոյրեն տոնավաճառին ներկայացել էր հագնված:
Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարին 32-ամյա Մոյրեն մերկ ներկայացել էր գերմանական Մյունստեր քաղաքի մշակույթի պատմության և արվեստի պետական թանգարանում: Նա թանգարանի սրահներով անցել էր մերկ` միայն բարձրակրունկ կոշիկներով և նորածին երեխան գրկում:










