Բլատերի փաստաբանը կդառնա ԱՄՆ-ի նախկին դատախազը

10:17 • 18.06.15

Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերն իր պաշտպանության համար վարձել է ԱՄՆ նախկին դաշնային դատախազ Ռիչարդ Կալենին, գրում է lenta.ru-ն:

 

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի շահերը ներկայացնելու է Բարի Բերկեն: Նշվում է, որ ֆեդերացիայի այդ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել:

 

Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխաել Լաուբերը հայտնել է, որ երկրի իշխանությունները ոչ մի դեպքում չեն արտահանձնի Բլատերին ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ մեկ այլ պետության: «Շվեյցարիան, ինչպես և ԱՄՆ-ն, չի արտահանձնում իր քաղաքացիներին»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ օրենքը գործում է մինչև ՖԻՖԱ-ի ղեկավարն իր երկրի տարածքում է:

 

Կալենը հայտնի է նրանով, որ փաստաբանական ծառայություններ է մատուցել շատ պաշտոնյաների, ովքեր ենթարկվել են քրեական հետապնդումների: Նա նաև ծանոթ է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի հետ, որի գերատեսչությունը զբաղվում է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի հետաքննությամբ: