ԼՂ իրավիճակի սրման դեպքում Հայաստանը կարող է լրացուցիչ ուժեր ստանալ ՀԱՊԿ-ից. Նիկոլայ Բորդյուժա

14:09 • 18.06.15

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է: Տեսակամրջի ձևաչափով ասուլիսի ընթացքում այսպիսի հայտարարություն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:


Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մնում է նույնը:


«ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է այդ խնդիրը և ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին»,- հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան՝ շարունակելով. «Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ազգային անվտանգության ուժերի մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները ընթանում են ըստ նախատեսվածի:


Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցին՝ Բորդյուժան նշեց, որ բոլոր պետությունները պետք է մասնակցեն հավաքական անվտանգության համակարգին։


«Եթե Ադրբեջանը նման հարց բարձրացնի, մենք, իհարկե՛,կարող ենք դա քննարկել կազմակերպության բոլոր անդամների մասնակցությամբ, այդ թվում՝ Հայաստանի»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքի խնդրին, ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսպես արձագանքեց. «Ես բազմաթիվ անգամ անդրադարձել եմ այս հարցին և ուզում եմ նորից կրկնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը»: