Համախմբվածության արդյունքում մենք կարող ենք շատ ընտանիքների դուրս բերել ծանր վիճակից. Դիանա Գրիգորյան

15:25 • 18.06.15

Միայն համախմբվածության արդյունքում մենք կարող ենք շատ ընտանիքների դուրս բերել ծանր իրավիճակից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնի հեղինակ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը:


Նա, նշեց, որ առաջին եթերը հեռարձակվեց և ներկայացվեց երկու հայ ընտանիքի խնդիր և ևս մեկ հայ ընտանիքի խնդրի լուծում տրվեց: «Դա օրթոպեդիկ սայլակն էր, որը գնելու համար ամերիկահայ բարերարը գումարը տրամադրեց»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է մյուս երկու հայ ընտանիքների խնդիրներին, ապա Դիանա Գրիգորյանն ասաց, որ դրանք լուծման փուլում են և շաբաթ օրը կլինի հանգուցալուծումը և ևս երկու հայ ընտանիքի խնդիր կներկայացվի: «Այսինքն՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում պետք է ներկայացվի երկու հայ ընտանիքի խնդիր և արդեն ցուցադրված երկու ընտանիքների խնդիրների հանգուցալուծումը»,- պարզաբանեց նա:


Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, Արմենիա TV-ով առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Հայի աչքեր» բարեգործական հեռուստամարաթոնը: Հաղորդման նպատակն է՝ օգնել սոցիալապես ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքներին:


«Եթե մեզանից յուրաքանչյուրը հասկանա, որ մի փոքր բան ավել անելով կարող է մի ընտանիքի օգնել, եթե այդ միտումը,  այդ առողջ ցանկությունը, դատողությունը լինի յուրաքանչյուր հայի մեջ՝ հոգում և սրտում, ապա ես վստահ կարող եմ ասել, որ մենք կարող ենք յուրաքանչյուր հայ ընտանիքի այդ ծանրագույն վիճակից դուրս բերել»,- ասաց Դիանա Գրիգորյանը:


Ինչ վերաբերում է ծրագրի շարունակականությանը, ապա հաղորդման հեղինակն ասաց, որ իրենք իրենց առաջ խնդիր չեն դրել շատ  երկար շարունակել, այլ առաջնային խնդիրը արդյունավետ աշխատանք տանելն են համարում:  «Եթե պետք է խոսես «ձայն բարբառոյ յանապատի», անիմաստ է: Մենք կփորձենք այս բարձրացրած խնդիրները լուծել և եթե հաջողի, կրկին կանդրադառնանք այն ընտանիքներին, որոնց վիճակը ծայրահեղ է և կսկենք նրանց ներկայացնել: Սակայն մինչ քո ներկայացրած խնդիրների լուծումը չստանաս, առաջ չպետք է գնաս, որովհետև մեր գործը ներկայացնելը չէ, մենք տեղեկատու չենք, որ միայն ներկայացնենք: Մենք պետք է փորձենք լուծել և եթե մեզ մոտ ստացվում է, ուրեմն շատ ավելի լավ, իսկ եթե չի ստացվում, ուրեմն պետք չէ պարբերաբար ներկայացնել ու թողնել հարցական»,- ասաց նա: