Ա. Մինասյանի՝ կառավարության հրաժարականի մասին ասվածը չարդարացված շտապողականության արդյունք է. Ս. Ֆարմանյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի՝ Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարվածին, որ անհրաժեշտ է աշնանը նոր կառավարության ձևավորում և նոր ծրագրի ներկայացում, նշեց, որ սա, թերևս, չարդարացված շտապողականության արդյունք է:
- Պարո՛ն Ֆարմանյան, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հարցազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է աշնանը նոր կառավարության ձևավորում և նոր ծրագրի ներկայացում:
-Հարգարժան պարոն Մինասյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի՝ աշնանը սպասվող ակտիվ փուլը նույնականացնում է նոր կառավարության ձևավորման անհրաժեշտության հետ, ինչը որևէ ենթատեքստի պարագայում իրականությունից դուրս սպասում է: Ենթադրում եմ, որ պարոն Մինասյանն այլ բան է ի նկատի ունեցել, գուցե՝ կառավարության կազմում որոշակի փոփոխություններ կատարելու սպասումը, պարզապես անհաջող ձևակերպումներ է ընտրել: Այս ամենը երևի չարդարացված շտապողականության արդյունք է… չգիտեմ: Այն, որ երկրի առջև ծառացած են բազում խնդիրներ, նախ և առաջ սոցիալ-տնտեսական բնույթի, դա ակնհայտ է, և այդ խնդիրների պատճառներն էլ շատ ավելի խորն են, քան ներկայացնում է իմ գործընկերը: Նույնքան ակնհայտ է, որ գործող կառավարությունը ջանքեր է գործադրում առկա խնդիրների դեմն առնելու համար, ինչն, օբյեկտիվորեն, տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական միտումներով պայմանավորված, այդքան էլ հեշտ խնդիր չէ: Թե ինչպիսին կլինեն արդյունքները, պետք է ոչ միայն սպասել ու տեսնել, այլև օգնել կառավարությանը հաջողություն արձանագրելու համար: Այսքանը:










