Հայկական լեռնաշխարհին կտրուկ կլիմայական փոփոխությունները չեն սպառնում. պատմաբան
Պատմաբան Գուրգեն Կարապետյանը փաստում է, որ Հայաստանը գտնվում է երկրագնդի «կլիմայական կենտրոնի վրա» և գլոբալ եղանակային փոփոխությունները Հայաստանին չեն սպառնում:
«1970-ական թվականներին իմ ձեռքն ընկավ ԽՍՀՄ ԳԱԱ-ի տպագրած կլիմայական ատլասը, և ես ուշադրություն դարձի Հայկական լեռնաշխարհի վրա, և պարզ դարձավ, որ հազարամյակներով մշտապես տեղի է ունեցել բևեռների և հասարակածների փոփոխություն, բայց կա մի տարածք, որ չի ենթարկվում կտրուկ փոփոխությունների՝ անցնում է չոր բարեխառն կլիմայական գոտուց դեպի խոնավ կլիմայական գոտի»,-հայտարարեց պատմաբանը:
Ըստ պատմաբանի՝ սառցակալման շրջանում Հայկական լեռնաշխարհը, Հյուսիսային իրանական սարահարթը և Փոքր Ասիայի կենտրոնական հատվածը մասնակի սառցակալման են ենթարկվել: Փաստված է, որ «հոմո սապիենսն» առաջացել է հենց այս տարածաշրջանում:
Գուրգեն Կարապետյանի հավաստմամբ՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհը կտրուկ կլիմայական փոփոխությունների չի ենթարկվել:
«Սակայն, իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև դրա երկրորդ կողմը. մեծ կլիմայական փոփոխություններից առաջ մեզ մոտ սկսում են որոշակի մասնակի կլիմայական փոփոխություններ»,-նշեց պատմաբանը՝ հավելելով, որ Հայաստանում բնակլիմայական փոփոխությունները սկսել են ավելի վաղ, դեռևս իննսունական թվականներին՝ երկրաշարժ և այլն:
«Հետագայում այն ավելի տարածվեց աշխարհով մեկ: Պարզապես Հայաստանում խնդիրն այն է, որ մարդկային գործոնը մեծ է. ասում են, թե Հայաստանում կան օգտակար հանածոներ, բայց չեն ասում, թե Հայաստանում որքան են հանքեր շահագործում, որը միայն վտանգ է հասցնում բնակչության և կլիմայի վրա»,-ասաց Գուրգեն Կարապետյանը:
Անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին, բանախոսն ասաց, թե նման բնակլիմայական աղետ Հայաստանին չի սպառնում:










