Ինչպիսին է կյանքն «Իսլամական պետության» ստեղծած «խալիֆայությունում». Daily Mail-ի ֆոտոռեպորտաժը
16:04 • 18.06.15
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված տարածքներում բնակվող մարդիկ կիսվել են իրենց կյանքի մասին տեղեկություններով, որոնք հավաքագրել է բրիտանական Daily Mail թերթի կայքը։
Կայքը նշում է, որ բոլոր նրանց, ովքեր չեն ենթարկվում ահաբեկիչների սահմանած նոր կանոններին և հրամաններին, մահապատժի են ենթարկում, իսկ նրանք, ովքեր երաժշտություն են լսում իրենց մեքենայի մեջ, պատժվում են՝ ենթարկվելով մտրակի 10 հարվածի։
Լուսանկարում Շեյխ Աբդուլա Իբրահիմը ձեռքում բռնել է կնոջ մահվան վկայականը, որը տրամադրել են իր կնոջը սպանած ահաբեկիչները՝ «Իսլամական պետություն» խմբավորման լոգոյով (սև քառակուսին՝ սպիտակ տառերով)։ 

Ահաբեկիչները ստեղծել են իրենց ոստիկանական ուժերը, որոնք կոչում են «հիսբա»։ Ոստիկաններից մեկն ընթերցում է կասկածյալների դեմ մեղադրանքները, որոնց ոստիկանները պատրաստվում են մահապատժի և խոշտանգումների ենթարկել։

Ռեժիմի նախկին հակառակորդներին «ապաշխարության քարտեր» են տալիս, որում ահաբեկչական կազմակերպությանը նրանք հավատարմության երդում են տալիս։ Նրանցից մեկը Սալիմ Ահմեդն է, ում ձեռքին այդ քարտերից մեկն է՝ կրկին ԻՊ-ի լոգոյով։

Ահաբեկչական խմբավորման ոստիկաններն «ապաշխարության քարտեր» են տալիս նաև նրանց, ովքեր աշխատել են տվյալ պետության՝ Սիրիայի կամ Իրաքի ոստիկանության կամ բանակի համար։

ԻՊ-ի ոստիկանները նաև իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկում, իսկ խախտման դեպքում գանձում տուգանքներ։

Այն հատվածները, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ, ունեն հատուկ վարչություններ և գրասենյակներ, որոնք իբր իրականացնում են պետական նշանակության գործարքներ։ Այդ ամենն ահաբեկիչների ջանքերն են՝ իրենց գործողություններն օրինականացնելու համար։

Ահաբեկչական խմբավորման անդամներն ազատորեն ընտրում են՝ ում և ինչպես ենթարկել մահապատժի, ինչպես, օրինակ, լուսանկարում պատկերված դեպքում՝ շենքի տանիքից ցած են նետել մի երիտասարդ տղամարդու, ով ենթադրվում էր, որ նույնասեռական է։ 

ԻՊ-ի գրավյալ տարածքներում ամեն հանրային վայր վերահսկվում է հիսբաների կողմից, ովքեր կատարում են ոստիկանության դերը։

ԻՊ-ը վարձել է կանանց, որպեսզի նրանք բուրքա կոչվող կրոնական սև և մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստը կարեն, որը պարտադիր պետք է կրեն բոլոր կանայք։ 

Լուսանկարում տղամարդը սիրիական Ռաքքա քաղաքի պատերից մեկի վրա գրել է. «Մենք մարդիկ ենք, ում Աստված պատվել է իսլամով»։

ԻՊ-ի գրավյալ տարածքներում արգելված է այլ կրոնների դավանանքը։ Լուսանկարում ծայրահեղականների ոչնչացրած Մարիամ Աստվածածնի պատկերն է։

Գրավյալ տարածքի վանքերից մեկի վրայի խաչը հեռացվել է և փոխարինվել ԻՊ-ի դրոշով։ 

ԻՊ-ի ղեկավարության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչները հիմնել են իրենց դատարանները, որտեղ իրենց ընտրած դատավորները, ովքեր հիմնականում կրոնական առաջնորդներ են, որոշումներ են կայացնում։

ԻՊ-ը ստեղծել է սեփական քարոզչական սկավառակներ, որոնք վաճառում է հանրությանը։ 

Placeholder










