McDonald’s-ն ընդլայնել է հագուստի և աքսեսուարների շարքը
Ամերիկյան McDonald’s ընկերությունն ընդլայնել է հագուստի և աքսեսուարների շարքը, գրում է gazeta.ru-ն:
Առաջին անգամ բիգմակի տեսքով զարդանախշով հավաքածուն ներկայացվել էր մարտին: Այժմ ռեստորանային ցանցն առաջարկում է նոր ամառային հավաքածու, որը ներառում է վրաններ, քնապարկեր, ռետինե կոշիկներ և լողափնյա շորտեր:
McDonald’s-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նոր ապրանքները «հնարավոր են դարձնում ամառը ոճային դիմավորելը»: Ինչպես և առաջին հավաքածուի դեպքում՝ եկամտի մի մասը փոխանցվելու է բարեգործական նպատակներով:
Նշվում է նաև, որ ի սկզբանե Big Mac Shop առցանց խանութը թեմատիկ ապրանքներ է առաքել միայն Շվեդիա: Այժմ խանութի աշխարհագրությունն ընդլայնվել է, և պատվերներն ընդունվում են ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Եվրոպայից:










