Պակիստանում քրիստոնյաների հանդեպ հետապնդումները համեմատել են Հայոց ցեղասպանության հետ
Քրիստոնյաների բրիտանա-պակիստանյան միության նախագահ Ուիլսոն Չոուդրին, խոսելով Պակիստանում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հետապնդումների և բռնությունների մասին, նշել է, որ այսօր Պակիստանի քրիստոնյաների հանդեպ իրականացվող բռնությունները հիշեցնում են հայ քրիստոնյաների հանդեպ կատարված բռնությունները, որոնք վերաճել են սարսափելի ցեղասպանության։
«Եվ ճիշտ նույն կերպ, ինչպես Թուրքիան, այսօր Պակիստանը հերքում է աճող դաժանությունը և ատելությունը քրիստոնյաների հանդեպ»,- հայտնել է Չոուդրին։
Ինչպես փոխանցում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը՝ Կարաչիի բողոքական համայնքն իսլամիստ ծայրահեղականների կողմից ենթարկվում է սպառնալիքների, որոնք փորձում են գրավել եկեղեցական հողերը։
Քրիստոնյաներին վախեցնում են «սրբապղծության» մեղադրանքներով, և եթե քրիստոնյաները չտան եկեղեցական սեփականությունը և չդադարեն աղոթել, նրանց պատիժ կսպառնա՝ ընդհուպ մինչև մահապատիժ։










