Մեր տարածաշրջանում նոր պատերազմ սկսելը ոչ մեկին պետք չէ. Վահան Շիրխանյան
Հենց պայմանագրով նախատեսված է, որ իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ-ը անհրաժեշտ չափի օգնություն կտրամադրի Հայաստանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ:
«Ես չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել Բորդյուժայի հայտարարությունը, որովհետև չգիտենք, թե ինչ նկատի ունի՝ ասելով՝ լրացուցիչ լարվածություն. մեծ ընդհարո՞ւմ, պատերա՞զմ, թե՞ ներկայիս վիճակը»,-ասաց նա և անհասկանալի համարեց, թե ինչ առիթով է Բորդյուժան նման հայտարարություն արել։ Նա այս պահին ՀԱՊԿ-ից լրացուցիչ օգնություն ստանալու կարիք չի տեսնում։
Ամեն դեպքում՝ Վահան Շիրխանյանը չի կարծում, որ իրավիճակը կարող է ավելի սրվել։ «Ոչ մեկին ընդհանրապես և տարածաշրջանում պետք չէ՝ նոր պատերազմ սկսել. ո′չ Ռուսաստանին, ո′չ ԱՄՆ-ին , իսկ պատերազմը սկսվելու է կամ չի սկսվելու նրանց, ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի ուզելով կամ չուզելով։ Իսկ հիմա դա նրանց բոլորովին պետք չէ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա նա ասաց՝ չի համարում, որ այն շատ օպտիմալ և շատ լավ է աշխատել, սակայն քանի որ այլընտրանք չկա, ճիշտ կլինի այդ ձևաչափը պահել։










