Աբսուրդ է էլեկտրաէներգիայի թանկացումը կապել նաիրիտցիների աշխատավարձի հետ. «Նաիրիտի» նախկին խոսնակ

12:00 • 19.06.15

Ավելի աբսուրդ ինֆորմացիա լինել չի կարող, քան այն, թե էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի հայտարարություն արեց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, որտեղ, ըստ իրեն, նշված է, թե հոսանքի թանկացումը կապ ունի նաիրիտցիներին վճարվելիք աշխատավարձի հետ:


«ՀԷՑ-երից երբեք գումար չեն վերցրել և տվել «Նաիրիտին»: Հիմա էլ՝ «Նաիրիտի» աշխատավարձի վճարման համար ասել, թե ժողովրդից փող են հավաքում, մեծ հիմարություն է: Անբարոյական է հոսանքի թանկացումը կապել «Նաիրիտի» աշխատավարձերի հետ»,- նշեց մամուլի խոսնակը:


Անուշ Հարությունյանն ասաց, թե խիստ կասկածում է, որ հոսանքը կթանկանա, քանի որ, ըստ նրա, ժողովուրդն ամեն ինչ կանի, որ այդ թանկացումը չլինի:


«Էլեկտրաէներգիայի թանկացումն առաջին հերթին վնասում է նաև «Նաիրիտին», որովհետև գործարկման դեպքում հենց «Նաիրիտն» է բարձր սակագնով գումարներ վճարելու»,- ասաց տիկին Հարությունյանը: