Տղամարդը մահացել է՝ փորձելով առանց տոմսի Հարավաֆրիկյան Հանրապետությունից թռչել Լոնդոն
Երկու տղամարդ կարողացել են մտնել Հարավաֆրիկյան Հանրապետությունից Մեծ Բրիտանիա մեկնող ինքնաթիռի շասսիի հատված և այդպես մոտ 13 հազար կիլոմետր անցնել, սակայն վայրէջքից անմիջապես առաջ նրանցից մեկը մահացել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանական մամուլի տվյալներով՝ տղամարդու մարմինը հայտնաբերվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի հարևանությամբ գտնվող գրասենյակային շենքի տանիքին: Վնասվածքների բնույթը վկայել է այն մասին, որ տղամարդը մահացել է՝ ընկնելով մեծ բարձրությունից:
Հետո արդեն օդանավակայանում հայտնաբերել են մահացած տղամարդու ենթադրյալ ուղեկցին՝ 25-ից 30 տարեկան տղամարդու, ով թռել է՝ շասսիի հատվածում թաքնված: Նա հոսպիտալացվել է, քանի որ թռիչքի ժամանակ ստացել է լուրջ վնասվածքներ:
Ոստիկանության կարծիքով՝ տղամարդիկ փորձել են առանց տոմսի Յոհանեսբուրգից հասնել Լոնդոն: Նրանցից մեկն ընկել է մոտ 500 մետր բարձրությունից։










