Լեդի Գագային կոչ են արել $2 մլն հոնորարը նվիրաբերել ադրբեջանցի քաղբանտարկյալների ընտանիքներին
«Սպորտը հանուն իրավունքների» իրավապաշտպանների միջազգային կոալիցիան Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը ելույթ ունեցած երգչուհի Լեդի Գագային կոչ է ուղղել:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կոալիցիան ցավ է հայտնել, որ երգչուհին համաձայնել է երգել մի երկրում, որտեղ լրջորեն խախտվում են մարդու իրավունքները:
«Մենք Ձեզ կոչ ենք անում ուղղել այդ լրջագույն սխալը: Դուք միշտ հանդես եք գալիս մարդու իրավունքների պաշտպանության օգտին, և հավանաբար, տեղեկացված չեք եղել Ադրբեջանում իրական վիճակի մասին», -ասված է ուղերձում:
Դրանում նաև նշվում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների ու հալածանքների մասին։
Դիմումի հեղինակները մեջբերել են կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովայի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը երբեք այսքան վատ չի եղել:
«Ցավոք, Ձեր ելույթը վերածվեց այդ ռեժիմի քարոզչության մի մասի», -ասված է հաղորդագրության մեջ:
Հեղինակները կոչ են անում երգչուհուն օրինակ վերցնել U2 խմբի առաջնորդից, ով իր համերգի ընթացքում քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ հնչեցրել:
Ուղերձի հեղինակները Լեդի Գագային կոչ են անում Բաքվում ելույթի համար ստացած $2 մլն հոնորարը նվիրաբերել ադրբեջանցի քաղբանտարկյալների ընտանիքներին:










