Յուրաքանչյուր ընտանիք լրացուցիչ 40-50 հազ. դրամ է վճարելու էլեկտրաէներգիայի սպառման դիմաց. Հայկ Գևորգյան

12:04 • 19.06.15

Էլեկտրաէներգիայի 2014թ-ի 11%-ի չափով թանկացումը հանգեցրեց սպառողական շուկայի հավելյալ 0.4%-ի թանկացման, ինչը նշանակում է, որ առաջիկա 16%-ի չափով թանկացումը կհանգեցնի հավելյալ շուրջ 1% գնաճի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:


«Յուրաքանչյուր ընտանիք տարեկան այս թանկացման հետևանքով 40-50 հազ. դրամ  լրացուցիչ գումար է ուղղելու էլեկտրաէներգիայի սպառման համար: Այսինքն, այն փողը, որը պետք է մարդիկ ծախսեին ապրանքներ ձեռք բերելու համար, հիմա պետք է դրա վրա խնայեն ու տան էլեկտրաէներգիային: Սա իր հերթին կբերի ապրանքների թանկացմանը, քանի որ տեղի կունենա պահանջարկի նվազում: Կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի թանկացմամբ տնտեսությունը միանգամից մի քանի հարված է ստանում»,-ասաց նա:


Հայ Գևորգյանն ընդգծեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի երաշխավորում, որ առաջիկա տարիներին կրկին չի թանկանա: Նա վստահություն հայտնեց, որ 2017թ-ին ՀԷՑ-ը կրկին սակագնի բարձրացման հայտ կներկայացվի, քանի որ 2016թ-ին Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է վերանորոգման համար:


«Ակնհայտ է, որ ՀԷՑ-ը ունի կառավարման խնդիր, և դրանում մեղավոր է իշխանությունը, քանի որ չի ձգտում ունենալ ճիշտ կառավարվող համակարգ ունեցող ՀԷՑ ու քանի դեռ նման խնդիր չկա դրված, սակագինը անընդհատ բարձրանալու է»,-ասաց նա:


Տնտեսական մեկնաբանը նշեց, որ ՀԷՑ-ի տարեկան հասույթը կազմում է կես միլիարդ դոլար, որից պաշտոնապես 12%-ը կազմում է կորուստը:


«Այսինքն՝ տարեկան 60 մլն դոլար կորում է, որից տեխնիկականը՝ 3-5 տոկոս է կազմում, մնացածը կերակրատաշտակ է, որով սնվում են խմբավորումներ սկսած 1990-ականներից»,-ասաց նա: