ՌԴ-ն պատրաստ է օգնել Վրաստանին աղետի հետևանքները վերացնելու հարցում. Կարասին
ՌԴ-ն պատրաստ է օգնել Վրաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու հարցում. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Օրերս մենք խոսել ենք Զուրաբ Աբաշիձեի հետ (Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը -Tert.am), և ես խնդրել եմ մեր ցավակցությունները փոխանցել հեղեղման համար: Ասել եմ, որ ՌԴ ԱԻՆ-ը կապի մեջ է Թբիլիսիի գործընկերների հետ և օգնություն է առաջարկվել:
Ես փոխգործակցության ձևաչափերը չգիտեմ, սակայն, ամեն դեպքում, մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցել: Մենք հարևան պետություններ ենք, միմյանց լավ ենք հասկանում, այդ պատճառով էլ արտակարգ իրադրության դեպքում միշտ պատրաստ ենք օգնել»,-հավելել է փոխնախարարը:
Թբիլիսիում հունիսի 14-ին տեղի ունեցած ավերիչ հեղեղման հետևանքով ավերվել էին փողոցներ , բնակելի տներ, ենթակառուցվածքներ, կենդանաբանական այգին: Վերջին տվյալներով՝ զոհվել է 19 մարդ:










