Ադրբեջանական տեսանկյունից Մինսկի խումբը հեռու է կողմերին առավելագույն արդյունքների բերելուց. «Չեթամ Հաուսի» ներկայացուցիչ

11:11 • 19.06.15

ԵԱՀԿ Մինսկի խմբում պրակտիկ արդյունքների ապահովման տեսանկյունից բացը այն պատճառով է, որ Մինսկի խմբում կա նախաձեռնողականության և առաջնորդության բացակայություն: Եվ ադրբեջանական տեսանկյունից Մինսկի խումբը հեռու է կողմերին առավելագույն արդյունքների բերելուց:


Այս մասին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի՝ Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» թեմայով սեմինարին հայտարարեց Միացյալ Թագավորությունում «Չեթամ Հաուսի» Ռուսաստան և Եվրասիա ծրագրի գիտաշխատող Զաուր Շիրիևը:


«Ադրբեջանցիները նույնպես ակնկալիքներ ունեն Մինսկի խմբի համանախագահներից, Ադրբեջանը շատ հաճախ քննադատում է միջազգային հանրությանը, և քննադատության հետևում կանգնած հիմնական պատճառները երբեմն ճիշտ չեն ընկալվում: Հիմնական գործոնը բացն է ակնկալիքների միջև՝ ԵԱՀԿ-ի խմբի և պրակտիկ արդյունքների ապահովման միջև: Դա հիմնական պատճառ է հանդիսանում առաջնորդության բացակայության և նախաձեռնողականության բացակայության՝ համանախագահողների կողմի»,-ասաց նա։


Բանախոսը հայտարարեց, որ ադրբեջանական տեսանկյունից Մինսկի խումբը հեռու է առավելագույն նպատակների իրականացումից, չի կարողացել բանակցությունների բերել կողմերին և նպաստել փոխհամաձայնությանը, ԵԱՀԿ-ից առավելագույն ակնկալվողը լուծման փաթեթ առաջարկելն է:


Զաուր Շիրիևը հպանցիկ անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նշեց, որ դրանք առաջ գալով 2007-ին, մասամբ վերաթարմացվել են 2009-ին, բայց դրանց նյութաիրավական հատվածը, մասնավորապես՝ փախստականների ու ներքին տեղահանվածների մասով, չի իրականացվել։


«Միաժամանակ, հիմնարար սկզբունքների խոցելիությունը համաձայնագրի ստորագրված տարբերակի բացակայության մեջ է, որովհետև կողմերը միայն բանավոր կերպով են համաձայնվել այս մոտեցումներին և, բնական է, որ գրավոր  համաձայնագրի բացակայությունը տեղ է տվել հիմնարար սկզբունքների զանազան մեկնաբանությունների: Մասնավորապես՝ սկզբունքների իրականացման ժամկետների վերաբերյալ»,- ասաց Զաուր Շիրիևը:


Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է շրջանառությունից հանել ԵԱՀԿ Մինսկի խումբը և այն փոխարինել Մինսկի կոնֆերանսով:
 

«Նաև դժվար է խոսել Մինսկի խմբի մասին՝ նվազագույն նպատակի ապահովման տեսակետից: Այսինքն՝ երկու կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելը դժվար է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները պաշտոնական կապի մեջ չեն եղել 2010 -2011, 2013 թթ. ընթացքում և սկզբունքորեն որևէ պաշտոնական բանակցություններ չեն եղել։ Հենց այդ պատճառով՝ դժվար է խոսել նաև նվազագույն նպատակների վերաբերյալ, որոնք պետք է որ ապահովված լինեին Մինսկի խմբի կողմից՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դա է պատճառը, որ Ադրբեջանը հաճախ նշում է ԵԱՀԿ-ի փոփոխվող ձևաչափի անհրաժեշտության մասին»,-ավելացրեց Զաուր Շիրիևը:


Սակայն նա ընդգծում է ադրբեջանական դիրքորոշումը՝ Մինսկի խմբի բուն կազմը չի փոփոխվում, այսինքն՝ խոսքը չի վերաբերում համանախագահների քանակի ավելացմանը, այլ վերաբերում է ձևաչափի փոփոխմանը:


Ըստ նրա՝ հակամարտության լուծման ուղղությամբ ամենախոստումնալից քայլերը ներկայացվել են նախ ԱՄՆ-ի, ապա ՌԴ-ի կողմից:  Ըստ փորձագետի՝ Ռուսաստանն այսօր ավելի քիչ է ներգրավված հակամարտության լուծման գործում, մինչդեռ, ըստ փորձագետի, այն առավել նշանակալից էր դարձել 2014-ին օգոստոսյան իրադարձությունների ժամանակ:


Անդրադառնալով խաղաղապահ կոնտինգենտին՝ բանախոսը ընդգծեց, որ Ադրբեջանը բազմիցս նշել է, որ այս զորքերը չեն կարող ընդգրկել Մինսկի խմբի երկրները, ինչպես նաև Իրանը կամ Վրաստանը:


Զաուր Շիրիևը նշեց, որ ոչ Հայաստանի իշխանությունները, բայց փորձագիտական շրջանակները խոսում են այն մասին, որ խաղաղապահ կոնտինգենտում պետք է լինեն ռուսներ և ավելացրեց՝ հենց այդ պատճառով էլ Մինսկի խումբը պետք է այս կարծիքներին անդրադառնա և կարողանա բերել կողմերին՝ պարզաբանող հռչակագրի ստորագրմանը: