Որոշվել է, որ քանի որ գումարը պետք է փակվի, ոչ մի ցույց չի լինելու. Նաիրիտի աշխատակիցներ
«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը և «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան նաիրիտցիների խնդիրներին, պարտքի մարման հավանականությանը:
«6 ամսվա ընթացքում բազմաթիվ երթերից, հանդիպումներից հետո վերջապես վարչապետը Նախագահի հանձնարարությամբ խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը պարտքերը կմարվեն: Ցույցերն ու երթերն առայժմ դադարեցված են և որոշվել է, որ քանի որ գումարը պետք է փակվի, ոչ մի ցույց չի լինելու»,-հայտարարեց Հրաչ Թադևոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ներդրումների առումով «Նաիրիտին» մոտեցողներ չեն եղել, որովհետև կան մեծ պարտքեր և ներդրողները վախենում են հենց դրանից:
«Պարտքերը փակելուց հետո կգտնվեն կազմակերպություններ, որոնք ներդրումներ կանեն: Համաշխարհային բանկի աուդիտի մասնակի եզրակացություններում նշվում է, որ 340 միլիոն դոլար է անհրաժեշտ «Նաիրիտը» վերագործարկելու համար, բայց մեզ համար դեռ պարզ չէ, թե այդ գումարը որտեղ են դնելու: Մենք չգիտենք, այդ գումարի մեջ ինչ ծախսեր են մտնում: Մեր մասնագետների հաշվարկներով 55-65 միլիոն դոլարը բավարար է»,-ասաց գործարանի արհմիության նախագահը:
Վերջինիս կարծիքով՝ «Նաիրիտը» կարող է վերագործարկվել և եկամուտով աշխատել, քանի որ նախորդ աուդիտներում տրվել է դրական եզրակացություն:
«18 ամիս ժամանակ է պահանջվում, որպեսզի Նաիրիտը վերազինվի: Կա սարքավորում, որը պետք է պատվիրվի այլ երկրի գործարանում, ինչի պատրաստման համար վեց ամիս ժամանակ է պահանջվում»,-ասաց Հրաչ Թադևոսյանը՝ հավելելով, թե «Նաիրիտը» վերագործարկելուց հետո տարեկան 17 միլիոն դոլարի եկամուտ կստացվի:
Գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, որ աշխատողների շրջանում, այնուամենայնիվ, անվստահություն կա, որովհետև նախորդ տարվա վերջում ևս խոստացան, որ աշխատավարձերը կվճարեն, բայց չվճարեցին:
«Մեր վեցամսյա երթերից, ցույցերից հետո եկանք սրան: Անգամ երբ հայտարարեցին, որ պետք է պարտքը փակեն, մարդիկ այդ ժամանակ էլ չէին հավատում: Մենք հավատում ենք, որ պարտքի մարումը լինելու է, հավատում ենք՝ չվստահելով»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ շարունակելով, թե մնում է վերագործարկման հարցը, ինչի համար իրենք շարունակելու են պայքարել:
Անուշ Հարությունյանի խոսքով՝ իրենց մասնագետների հաշվարկները ցույց են տվել, որ «Նաիրիտը» կարող է շահույթով աշխատել, ինչը Հայաստանի տնտեսությունը կարող է ոտքի հանել:










