Շենքի մուտքից հափշտակել են «Trek Farley 6» տեսակի հեծանիվ (տեսանյութ)

15:59 • 20.06.15

2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձ Տերյան փողոցի 71 շենքի մուտքից գաղտնի հափշտակել է « Trek Farley 6» տեսակի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի՝ 379.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության

հետ կապերի բաժինը:

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել է տեսանկարահանող սարքերի տեսագրություն, որում պատկերված է, թե ինչպես է մի տղամարդ տանում հեծանիվը:


Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված անձին։


Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին: