«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներին աջակցում են ՀՀ քաղաքացիները
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներին, որոնք երեկվանից նստացույց էին կազմակերպել Ազատության հրապարակում, ՀՀ քաղաքացիները մոտենում են, գովասանքի խոսեր ասում, աջակցում, ոմանք էլ քննարկումներ են կազմակերպում` նշելով, որ պայքարի ճանապարհը ճիշտ չէ:
Թեպետ գիշերը, ըստ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանի, հրապարակում 300 ակտիվիստ է գիշերել: Այսօր հետկեսօրին հրապարակում մնացել է մոտ երեք տասնյակ երիտասարդ, որոնք պատսպարվել են անձրևանոցների տակ և որոնց համակիրները պարբերաբար սառը ջուր են մատուցում:
Վաղինակ Շուշանյանը երիտասարդների ակցիայի արդյունավետությունը գնահատելով բարձր`նշեց, որ նստացույց անողների մի մասը գնացել է տուն հանգստանալու, մյուս մասը՝ այդ պահին իրազեկման ակցիա էր իրականացնում` «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում:
Գիշերը, ըստ համակարգող խմբի անդամի, լարվածություն, սադրանքներ, խոչընդոտներ չեն եղել: «Ո՛չ թալանին»-ը պահանջում է չեղարկել 6.93 դրամ թանկացումը և դեռ ավելին` սակագնի իջեցման հարց քննարկել:
Ի պատասխան հարցի, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ինչ քայլերի են դիմելու, Վաղինակ Շուշանյանն ասաց.«Ժողովուրդը կորոշի: Երկուշաբթի երթով կգնանք Բաղրամյան 26, որտեղ կներկայացնենք մեր պահանջները, ինչից հետո հանրությունը կորոշի անելիքները»:
Համակարգող խմբի անդամը հայտնեց նաև, որ արդեն իսկ ձևավորվել են խորհուրդներ, խմբեր, որոնց մի մասը «նստում է»` նստացույցի հիմնական մասնակիցներն են , մյուս մասը կատարում է իրազեկումներ ու պաշտպանում է նստացույցի անվտանգությունը, քանի որ վստահ են, որ կլինեն սադրանքներ:
Քիչ առաջ երիտասարդներին մոտեցան «Օրինաց երկիր» կուսակցության երկու անդամներ, որոնց թվում էր նաև Լևոն Դոխոլյանը, ով, սակայն, ներկայացավ ոչ թե որպես ՕԵԿ-ական, այլ «Հայկական վերածնունդի» միավորման անդամ:














