Amnesty International-ը բողոքի ակցիա է անցկացրել Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատան առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

14:49 • 20.06.15

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստներն ի պաշտպանություն Ադրբեջանի քաղբանտարկյալների բողոքի ակցիա են անցկացրել Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանատան առջև, գրում է amnesty.nl-ն։

 

Հաագայում դեսպանատան շենքի առաջ ակտիվիստները վազքի մարաթոն են անցկացրել, որով ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և պահանջել են նրանց ազատ արձակել։

 

Դեսպանատան առջև հանդես եկող ակտիվիստները պաստառներ են պարզել և կոչեր վանկարկել։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել մասնավորապես Լեյլա Յունուսին, Ռասուլ Ջաֆարովին, Խադիջա Իսմայիլովային և Ինթիգամ Ալիևին։

 

Amnesty International-ը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Եվրախորհրդում ունեցած ելույթը. «Ադրբեջանում մարդու բոլոր հիմնարար ազատությունները հարգվում են»։

 

Կազմակերպությունում անհանգստացած են, որ այս օրերին Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի կապակցությամբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է երկրի վրա, ինչի հետևանքով ադրբեջանական իշխանությունների կողմից հալածանքները վատթարանում են՝ քննադատական ձայները լռեցնելու համար։

 

 

Amnesty International-ում վստահ են, որ պետությանը քննադատող լրագրողների, իրավաբանների, բլոգերների և այլ անձանց բոլոր ձերբակալությունները հատուկ են կազմակերպված՝ նրանց լռեցնելու համար։

Ակտիվիստները կոչ են արել ստորագրել համապատասխան խնդրագիրը, որն արդեն ստորագրել է ավելի քան 43.000 մարդ։

 

Խնդրագրում հեղինակավոր կազմակերպությունը նշել է, որ ձերբակալված է մոտ 100 «խղճի բանտարկյալ»։  Խնդրագիրն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի բացմանը ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Լեդի Գագային կոչ են արել $2 մլն հոնորարը նվիրաբերել ադրբեջանցի քաղբանտարկյալների ընտանիքներին։

 

Կայքում տեղ է գտել նաև տեսանյութ, որը կրկնում է ակցիայում հնչեցված կոչը։