Փլուզում Գյումրիի հանրակացարանում. 10 բնակիչ տարհանվել է

12:35 • 20.06.15

Հունիսի 20-ին՝ ժամը 00:07-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 կիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:

 

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և տարահանել 10 բնակչի:


Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:


Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն: